Աշխատանք գրքի հետ

  1. Բուհում յուրաքանչյուր առարկայի ուսուցումն ավարտվում է քննությամբ կամ ստուգարքով, որի անցկացման ընթացքում բացահայտվում է ուսանողի կողմից գիտելիքի յուրացման աստիճանը:

Տեղեկատվության աղբյուր գտնելը կարևոր է, սակայն ոչ պակաս կարևոր է դրանից ճիշտ օգտվելը: Առաջարկում ենք գիտական գրականության ընթերցման մի քանի ձևեր.

Սեղմագրում (կոնսպեկտավորում): Սա նյութի կրճատ շարադրանքն է: Կոնսպեկտի գլխավոր խնդիրը նյութը կրճատելն է և միայն կարևոր մասերը թողնելը:

Կոնդեսավորում: Սա տեղեկությունների կոնսպեկտավորումն է հետագա լրացման պայմանով, երբ օգտագործվում են լրացուցիչ աղբյուրներ: Օրինակ` ուսումնասիրելով որևէ խնդիր` եղած գրականությունից ընտրում ենք այն նյութը, որտեղ լիարժեք ներկայացված է տվյալ խնդիրը, այնուհետև կոնսպեկտավորում ենք այն: Անցնելով մյուս աղբյուրի ուսումնասիրմանը` կոնսպեկտի մեջ կատարում ենք լրացումներ և ուղղումներ` անհրաժեշտության դեպքում փոփոխելով կոնսպեկտի առաջնային կառուցվածքը: Կոնդեսավորման միջոցով ուսանողը սովորում է գնահատել նույն խնդրի վերաբերյալ տարբեր հեղինակների մոտեցումները: Կոնդեսավորումը գիտական գրականության հետ աշխատելու և նյութը լիարժեք յուրացնելու լավագույն միջոցներից է:

Սխեմատիզացիա: Սա պլանի տեսքով հիմնական հասկացությունների կառուցվածքային շարադրանքն է, որը նման է գրքի բովանդակությանը:

Երբեմն կարող է հայերեն մասնագիտական գրականության պակաս լինել, և որպես տեղեկատվության աղբյուր` առաջարկվել օտարալեզու գրականություն: Պետք չէ խուսափել օտար լեզվով կարդալուց: Օտարալեզու մասնագիտական գրականությունը կարող է ոչ միայն բովանդակության տեսանկյունից օգտակար լինել, այլև նպաստել օտար լեզվի ավելի լավ տիրապետմանը: