Քննաշրջանի նախապատրաստական աշխատանք

Քննական և ստուգարքային փուլերը հեշտությամբ հաղթահարելու համար անհրաժեշտ է քննություններին ու ստուգարքներին պատրաստվել ամբողջ կիսամյակի ընթացքում, այլ ոչ թե քննությանը կամ ստուգարքին նախորդող մի քանի օրերին: Սովորաբար հնարավոր չէ քննությանը նախորդող օրերին լիարժեքորեն յուրացնել քննական նյութը: Քննությունը կամ ստուգարքը հաջողությամբ հանձնելու համար անհրաժեշտ է նաև պատրաստվել ընթացիկ սեմինարներին:

Քննության ժամանակ պատասխանելիս պետք է հստակ իմանալ հասկացությունների բնորոշումը, դրանց բովանդակությունը, նյութի կառուցվածքը, հիմնական օրինաչափություններն ու շեղումները, կանոններն ու բանաձևերը: Պետք է, սակայն, ոչ թե նյութն անգիր անել, այլ հասկանալ դասընթացի բովանդակությունն ու տրամաբանությունը:

  • Քննությանը նախորդող գիշերը չպետք է պարապել. հանգի՛ստ քնեք,
  • քննությանը շո՛ւտ եկեք, որպեսզի անցնի նախնական հուզվածությունը,
  • քննատոմսը վերցրե՛ք` առանց երկար մտածելու,
  • քննատոմսը մի՛ կարդացեք դասախոսի սեղանի մոտ, կարդացե՛ք միայն տոմսի համարը,
  • թղթի վրա ազատ տեղեր թողնելով` կազմե՛ք առաջին հարցի պատասխանի մոտավոր սխեման: Երբ սխեման պատրաստ լինի, ազատ տեղերում կարող եք գրառել առավել համառոտ պլանը,
  • եթե առաջին հարցին այլևս ավելացնելու բան չունեք, անցե՛ք երկրորդ հարցին և աշխատե՛ք նույն հաջորդականությամբ,
  • եթե վերցրել եք այնպիսի տոմս, որի հարցերին պատասխանելը որոշակի դժվարություններ է պարունակում, մի՛ շտապեք փոխել տոմսը. փորձե՛ք հիշել այն, ինչ գիտեք այդ տոմսի հարցերի վերաբերյալ,
  • պատասխանե՛ք միայն բուն հարցին: Մի՛ փորձեք ցույց տալ Ձեր տեղեկացվածության աստիճանը` խոսելով այլ ոլորտներին առնչվող թեմաներից, քանի որ կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, թե տվյալ հարցին լավ չեք պատրաստված. դրանով կարող եք դասախոսին դրդել, որ Ձեզ մի շարք լրացուցիչ հարցեր տա, ինչը կարող է և Ձեր օգտին չլինել,
  • մի՛ փորձեք խոսքի տեմպի արագացման միջոցով պատմել ավելին, սակայն պետք չէ նաև շատ դանդաղ խոսել,
  • ուշադրությո՛ւն դարձրեք դասախոսի բոլոր հարցերին և դիտողություններին, քանի որ դասախոսը գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար կարող է հուշել հարցի վերաբերյալ իր տեսակետը, ինչն էլ կարող եք պատասխանելու ընթացքում օգտագործել,
  • մի՛ վախեցեք լրացուցիչ հարցերից, քանի որ դասախոսը հաճախ դրանք օգտագործում է որպես Ձեզ օգնելու միջոց: