Բուհում սովորելու առանձնահատկությունները

Ուսումնական գործընթացի կազմակերպման և գիտելիքների ստուգման ու գնահատման կարգի, համալսարանի ֆակուլտետների կողմից բակալավրի և մագիստրոսի կրթական մակարդակներում առաջարկվող ուսումնական ծրագրերի կառուցվածքի, բովանդակության և աշխատածավալների, այդ ծրագրերի բաղկացուցիչ դասընթացների և դրանցով նախանշված կրթական արդյունքների, ինչպես նաև գնահատման ձևերի և չափանիշների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է կրեդիտային համակարգով ուսումնառության ուղեցույցում և դասընթացների տեղեկագիրքում: Այդ ուղեցույցերը և այլ օգտակար տեղեկատվություն ներկայացված է Կրթություն կայքում:

Բուհական ուսուցումը հիմնականում իրականացվում է երկու տարբերակով` դասախոսություն և ինքնուրույն աշխատանք:

Դասախոսությունը գիտական-տեղեկատվական որևէ թեմայի վերաբերյալ դասախոսի կողմից տրամաբանորեն կառուցված, հետևողական ու պարզ խոսքի շարադրանքն է, որի նպատակն ուսանողին համապարփակ գիտելիքներ հաղորդելն է:

Դասախոսությունն իրենից ներկայացնում է ինտերակտիվ գործընթաց, որը կառուցվում է դասախոսի և ուսանողի համատեղ ջանքերով, այսինքն` ուսանողը ևս պետք է իր ակտիվ մասնակցությունն ունենա այդ գործընթացում: Դասախոսության ընթացքում նյութի իմաստավորման գործընթացն աշխատանքի պարտադիր բաղադրիչն է, այսինքն՝ հարկավոր է ոչ միայն գրառել, այլև նյութն ընկալել, առաջադրել վերջինիս հետ կապված համապատասխան հարցադրումներ: Յուրաքանչյուր դասախոսությունից առաջ ուսանողին խորհուրդ է տրվում վերընթերցել նախորդ դասախոսությունները, ինչը նրան հնարավորություն կտա հասկանալ առարկայի ամբողջական տրամաբանությունը:

Ինքնուրույն աշխատանքն օգնում է ուսանողին ամրապնդել և համակարգել ստացված գիտելիքները, ընդլայնել աշխարհայացքը և զարգացնել մասնագիտական հետագա գործունեության համար անհրաժեշտ որակները:

Ինքնուրույն աշխատանքը հաջողությամբ կատարելու համար պետք է պարապել ամեն օր` 3-5 ժամ: Անհրաժեշտ է ինքնուրույն աշխատանքը սկսել կիսամյակի առաջին իսկ օրերից, որպեսզի ձևավորվեն որոշակի կարգ և աշխատանքային հավասարաչափ ռիթմ: Աշխատանքը հստակորեն կանոնակարգելու համար պետք է ջանքեր գործադրել և զարգացնել կամային հատկանիշները` հաղթահարելով խոչընդոտները, նպատակասլացությամբ և նվիրումով զբաղվելով ինքնուրույն աշխատանքով, ինչի արդյունքում ամենօրյա աշխատանքը կդառնա թե՛ սովորություն, թե՛ պահանջ` պարտադրանքից վերածվելով հաճելի զբաղմունքի:

Ինքնուրույն աշխատանքի արդյունավետ կազմակերպման կարևորագույն նախապայմանը ժամանակի ճիշտ կառավարումն է:

Միանման աշխատանքից ուսանողը հոգնում է ավելի շատ, քան տարաբնույթ աշխատանքներ կատարելիս: Ըստ այսմ` օրվա ընթացքում չպետք է սահմանափակվել մեկ առարկայի պարապմունքով, բայց և օրական 2-3 առարկաներից ավելի պարապելն էլ արդյունավետ չէ:

Ի դեպ …
Անհրաժեշտ է ճիշտ կազմակերպել ինքնուրույն պարապմունքները. 50 րոպե աշխատելուց հետո պետք է ընդմիջել 5-10 րոպե, իսկ 3 ժամ աշխատելուց հետո` 20-25 րոպե, հակառակ դեպքում հոգնածությունը կհանգեցնի ուշադրության անկայունությանը: Մտավոր աշխատանքի հոգնածությունը թոթափելու համար շատ կարևոր է ֆիզիկական պարապմունքների պ արբերաբար անցկացումը, քանի որ մտավոր և ֆիզիկական պարապմունքների հերթագայումը վերականգնում է աշխատունակությունը:

  1.   Ի տարբերություն դպրոցի՝ բուհում սովորելու առանձնահատկությունն այն է, որ գիտելիքների և մասնագիտական հմտությունների հիմնական մասն ուսանողները ձեռք են բերում ինքնուրույն աշխատանքի շնորհիվ: