Դասախոսություն

  1. Դասախոսությունը գիտական-տեղեկատվական որևէ թեմայի վերաբերյալ դասախոսի կողմից տրամաբանորեն կառուցված, հետևողական ու պարզ խոսքի շարադրանքն է, որի նպատակն ուսանողին համապարփակ գիտելիքներ հաղորդելն է:

 Դասավանդվող առարկաների մեջ չկան առավել կամ պակաս կարևոր առարկաներ. բոլորն էլ անհրաժեշտ են, քանի որ յուրաքանչյուր առարկա կարևոր է մասնագիտական գիտելիքների հարստացման, համալսարանական կրթության և աշխարհայացքի զարգացման համար: Այդուհանդերձ, ուսանողը կարող է ընտրել իր համար առավել դժվար առարկաները և դրանց ավելի շատ ժամանակ տրամադրել:

Դիրքորոշումը դասախոսի նկատմամբ: Դեռ դպրոցական տարիներից հայտնի է, որ վերաբերմունքն ուսուցչի և նրա դասավանդած առարկայի նկատմամբ նույնանում է: Աշակերտական այս մոտեցումից, սակայն, ուսանողը պետք է զերծ լինի, քանզի հաճախ դասախոսություն են կարդում այնպիսի մարդիկ, որոնց հիմնական գործունեությունը ոչ թե դասավանդումն է, այլ գիտական աշխատանքը: Ըստ այդմ` ուսանողը պետք է ոչ թե ուշադրություն դարձնի դասախոսի հռետորական ունակությունների որոշ թերություններին և այլ խնդիրների, այլ նկատի նրա դասավանդած առարկայի հարցադրումների յուրօրինակ մեկնաբանությունները, նոր և հետաքրքիր մտքերը:

Շփումը դասախոսի և լսարանի միջև այն կարևորագույն գործոններից մեկն է, որից կախված է դասախոսության որակը: Դասախոսության համար բավարար չէ միայն դասախոսի գերազանց պատրաստվածությունը. դասախոսությունը պետք է անցկացվի դասախոսի և ուսանողի համատեղ ջանքերով, այսինքն` ուսանողը նույնպես պետք է լինի դասախոսության ակտիվ մասնակից:

Դասախոսության ընթացքում նյութի իմաստավորման գործընթացն աշխատանքի պարտադիր բաղադրիչն է: Սխալ է կարծել, թե կարևորը գրելն է, իսկ հասկանալ կարելի է հետո: Այնինչ դասախոսությունը ոչ թե թելադրություն է, այլ նոր նյութի ընկալում և ինֆորմացիայի յուրովի իմաստավորում:

Աշխատանքի հիմնական միջոցները: Նյութի առավել դժվար մասերը, որոնց ընկալման համար դասախոսության ընթացքում ժամանակը չի բավարարում, պետք է նշել, որպեսզի հետագայում դասախոսի հետ դրանք կրկին քննարկվեն: Պետք չէ ամաչել հարցեր տալուց, քանի որ հարցերը վկայում են նյութն առավել լավ յուրացնելու ձգտման մասին: Մյուս ուսանողների հարցերի վերաբերյալ նույնպես ուշադի՛ր եղեք, քանզի դրանք կարող են լինել այնպիսի հարցեր, որոնք Ձեր մտքով չեն անցել, և դրանց պատասխանները նույնպես կդժվարանայիք գտնել:

Յուրաքանչյուր դասախոսությունից առաջ անհրաժեշտ է կարդալ նախորդ դասախոսության նյութը, քանի որ պատրաստված ուսանողը հեշտությամբ է ընկալում թեմայի շարունակությունը և նոր հասկացությունները: Ինչ խոսք, կիսամյակի ընթացքում կրկնվող նյութն ավելի դյուրին է յուրացվում, ինչն էլ, բնականաբար, օգնում է քննություններին առավել պատրաստված ներկայանալ:

Դասախոսությունից առաջ անհրաժեշտ է.

  • կարդալ գրառումները և վերհիշել նախորդ դասախոսությունը,
  • ուղղել սխալները, բացել կրճատումները և լրացնել բաց թողնված տեղերը,
  • դասախոսության գրառումները համեմատել ձեռնարկի համապատասխան թեմայի հետ` կատարելով անհրաժեշտ լրացումներ և շտկումներ,
  • գրառման մեջ ընդգծել կարևոր հատվածները: