Ներածություն

Ուսանողական տարիներն ամենաակտիվ և ամենահետաքրքիր ժամանակաշրջանն են: Ուսանողը ձեռք է բերում բարձրագույն կրթություն, մասնագիտություն, նոր ծանոթություններ և ընկերներ, շփվում է տարբեր և հետաքրքիր մարդկանց հետ, կատարում ինքնուրույն քայլեր և ըստ իր նախասիրությունների՝ կազմակերպում է իր ժամանցը: Այս անփոխարինելի տարիները թողնում են անջնջելի հետք՝ ուսանողին նախապատրաստելով կյանքի տարբեր մարտահրավերներին:

Ուսանողական տարիների արդյունավետ և բազմաբովանդակ կազմակերպումը կախված է մի շարք հանգամանքներից, որոնցից առաջինը ուսանողի լավ առաջադիմությունն է: Ուսանողական կյանքը միաժամանակ կարող է հարստացվել մի շարք այլ երևույթներով ու իրադարձություններով, երբ ուսանողը օգտվում է համալսարանի կողմից իրեն ընձեռված հնարավորություններից, ցուցաբերում է ներհամալսարանական ակտիվ մասնակցություն:

Այս խնդրին է միտված ԵՊՀ-ում ուսանողական կառույցների համակարգը, որն ապահովում է ուսանողների արտալսարանային հարուստ և բազմազան առօրյան: Այն ընդգրկում է բոլոր նախաձեռնությունները, ծրագրերն ու միջոցառումները, որոնք կազմակերպվում են ուսումնական գործընթացից դուրս: Համալսարանում գործում են տարբեր ուսանողական կառույցներ, մշակութային խմբեր, ակումբներ, ինչպես նաև վարչական ստորաբաժանումներ, որոնք զբաղվում են ուսանողական խնդիրներով:

Ուսանողների իրավունքների պաշտպանության, նրանց խնդիրների քննարկման և շահերի ներկայացման համար ԵՊՀ-ում գործում է սովորողների ինքնակառավարման, ընտրովի ներկայացուցչական մարմին՝ Ուսանողական խորհուրդ: Ուսանողների գիտական և հետազոտական աշխատանքները խթանելու և զարգացնելու նպատակով համալսարանում գործում է Ուսանողական գիտական ընկերություն: Այս երկու կառույցները համալսարանում գործող հիմնական ուսանողական կառույցներն են, որոնք ղեկավարվում են սովորողների կողմից և ապահովում են ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարման գործընթացին:

Ուսանողական առօրյայի կազմակերպման, ուսանողների տարբեր կարիքների բացահայտման և խնդիրների լուծման գործընթացում ներգրավված են նաև վարչական օղակներ, որոնց արհեստավարժ անձնակազմը կոչված է ապահովել համապատասխան աշխատանքների որակն ու անընդհատությունը: ԵՊՀ ուսանողական կազմակերպությունների (ՈՒԽ, ՈՒԳԸ) և ռեկտորատի հետ համագործակցության աջակցության և մի շարք այլ ծրագրերի իրականացման նպատակով ԵՊՀ-ում գործում է Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժինը: Մշակութային տարբեր միջոցառումների և տարբեր խմբերի աշխատանքների կազմակերպման, մշակութային դաստիարակության և այլ ծրագրերի իրականացման նպատակով համալսարանում գործում է Մշակույթի կենտրոնը: Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կոչված է բարձրացնել աշխատաշուկայում ուսանողների մրցունակությունը, նրանց փոխանցել տարբեր գործնական հմտություններ և գիտելիքներ և իրականացնել համապատասխան ծրագրեր:

Ուսանողական կազմակերպությունների (Ուսանողական խորհուրդ և Ուսանողական գիտական ընկերություն), վարչական ստորաբաժանումների (Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժին, Մշակույթի կենտրոն, Շրջանավարտների և կարիերայի կենտրոն), ինչպես նաև ֆակուլտետների, կրթական ու գիտական կենտրոնների և այլ վարչական ու օժանդակ ստորաբաժանումների փոխգործակցությունը Երևանի պետական համալսարանում ձևավորում է համալսարանական յուրահատուկ միջավայր:

  1. Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, խորհուրդ ենք տալիս առավել մանրամասն ծանոթանալ ուսանողական տարբեր կառույցների գործունեությանը և ուսումնառությանը զուգահեռ, ըստ նախասիրությունների, ակտիվորեն ներգրավվել նրանց կողմից իրականացվող ծրագրերում: