rektor
ԵՊՀ ռեկտորի ողջույնի խոսքը

rectorՍիրելի՛ առաջին կուրսեցիներ,

Դուք ձեր առաջադիմությամբ, կրթական բարձր պատրաստվածության շնորհիվ Երևանի պետական համալսարանում սովորելու իրավունք եք վաստակել, ինչը ձեզ համար թե՛ մեծ պատիվ է, թե՛ մեծ պատասխանատվություն: Չէ՞ որ դուք դարձել եք ուսանողն այն բուհի, որը վերջին ինը տասնամյակների ընթացքում եղել և այժմ էլ մնում է մեր հանրապետության բարձրագույն կրթության դրոշակակիրը, բարձրակարգ մասնագետների պատրաստման դարբնոցը: Համալսարանական լինելը ձեզ միաժամանակ պարտավորեցնում է անաղարտ պահել Մայր բուհի` իր կենսագրությամբ վաստակած բարձր վարկանիշն ու անունը, հանդես բերել մարդկային վեհ հատկանիշներ, ուսման մեջ լինել բարեխիղճ ու նպատակասլաց:

Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, ձեր ուսումնառության տարիներին կշարունակվեն վերջին շրջանում համալսարանում իրականացվող ուսումնագիտական բարեփոխումները: Բարեփոխումներ, որոնք բխում են նոր ժամանակների ոգուց և պահանջներից: Ներկայումս աշխարհի, մասնավորապես Եվրոպայի բարձրագույն կրթության ոլորտում ընթացող ինտեգրման գործընթացներում աստիճանաբար և նպատակասլաց կերպով ընդգրկվում է նաև Երևանի պետական համալսարանը: Այդ ճանապարհին պահանջվում է ապահովել ոչ միայն կրթության բարձր որակ, միջազգային չափորոշիչներին համահունչ ծրագրեր, այլև բարձրագույն կրթության զարգացման գործում Մայր բուհի դերի վերաբերյալ ծավալուն տեղեկատվություն:

Շարունակելով ազգային, մշակութային հարուստ ավանդույթների ժառանգորդի և դրանք սերունդներին փոխանցողի պատասխանատու և պատվավոր առաքելությունը` ԵՊՀ-ն ստանձնել և արժանապատվորեն իրականացնում է համաշխարհային արժեքները համադրելու և երրորդ հազարամյակի մարտահրավերներին դիմակայելու համար նոր գործելաոճով հանդես գալու պարտավորություն: Իր գործունեության հիմնական նպատակը համարելով կրթության բովանդակության և ուսման բարձր որակի ապահովումն ու դրանց համապատասխանեցումը համալսարանական կրթական միջազգային չափանիշներին` Մայր բուհը ձեռնարկում և իրականացնում է գիտակրթական բազմաթիվ ծրագրեր, որոնք համահունչ են ժամանակի թելադրանքին:

Լինելով անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության առաջատար բուհը` Երևանի պետական համալսարանը ներկայումս աշխարհի մի շարք առաջնակարգ համալսարանների արժանի գործընկերն է:

Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԵՊՀ ընդունվելու կապակցությամբ ու ցանկանում եմ, որ ձեր ուսումնառության տարիները լինեն ոչ միայն մասնագիտական բարձր որակավորում ձեռք բերելու, այլև մարդկային արժանապատիվ կեցվածքի և երկրի լիարժեք քաղաքացու ձևավորման տարիներ:

Բարի՛ գալուստ և բարի՛ երթ ձեզ:

Արամ Սիմոնյան

ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Պատմության համառոտ ակնարկ
Յուրաքանչյուր պետության կրթական և մշակութային կարևոր ձեռնարկումներից մեկը միշտ էլ եղել է համալսարանի հիմնադրումը: Այս առումով բացառություն չէր նաև Հայաստանի առաջին Հանրապետությունը: 1919 թ.-ի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունում: 1920 թ.-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվում է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ բազմաթիվ հյուրեր արտասահմանից: Համալսարանում դասերի մեկնարկը տրվեց նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի` 1920 թ.-ի փետրվարի մեկին կարդացած դասախոսությամբ: Առաջին ուսումնական տարում համալսարանն ուներ մեկ` Պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս: Ի պատիվ համալսարանի առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի՝ պետք է նշել, որ հիմնադրման առաջին իսկ տարում համալսարանում դասախոսելու հրավիրվեցին արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին` Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Ստեփան Մալխասյանցը և ուրիշներ: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, ՀԽՍՀ առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի «Երևանի համալսարանի վերակազմության մասինե հրամանով, 1920 թ.-ի դեկտեմբերի 17-ին Հայաստանի համալսարանը վերանվանվեց Երևանի ժողովրդական համալսարան: Երևանում վերաբացված կրթօջախի ռեկտոր ընտրվեց հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը: Նախորդ դարասկզբի 20-ական թթ.-ին համալսարանը գործում էր Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի` սև տուֆով կառուցված երկհարկանի շենքի առաջին հարկում: Ժողովրդական համալսարանում գործում էր ընդամենը երկու ֆակուլտետ՝ Հասարակագիտական և Բնագիտական: Իսկ արդեն 1921 թ.-ի հոկտեմբերից համալսարանն ուներ հինգ ֆակուլտետ՝ Բնագիտական, Արևելագիտական, Տեխնիկական, Մանկավարժական և Խորհրդային շինարարության: Այնուհետև Բնագիտական ֆակուլտետը վերաձևավորվեց Գյուղատնտեսականի, իսկ 1922 թ.-ի մարտին բացվեց նաև Բժշկական ֆակուլտետը: Կառավարության 1923 թ.-ի հոկտեմբերի 20-ի որոշման համաձայն` ժողհամալսարանը վերանվանվեց Պետական համալսարան: Ըստ այդմ` բարձրացան Մայր բուհի կարգավիճակն ու պատասխանատվությունը, ինչպես նաև խստացան կրթօջախին ներկայացված պահանջները: Համալսարանի ղեկավարությունը հատուկ ընտրությամբ աշխատանքի հրավիրեց արտասահմանյան բուհեր ավարտած և մի քանի օտար լեզուների տիրապետող, մանկավարժական հարուստ փորձ ունեցող գիտնականների: 1933-1934 ուսումնական տարում համալսարանում գործում էին Տնտեսագիտական, Բնապատմական, Պատմալեզվագրական, Ֆիզիկամաթեմատիկական և Մանկավարժական ֆակուլտետները: 1934 թ.-ին Մանկավարժական ֆակուլտետն առանձնացավ, և նրա հիմքի վրա կազմավորվեց Մանկավարժական ինստիտուտը (այժմ՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան): Նույն ուստարում Բնագիտական ֆակուլտետը բաժանվեց երկու` Կենսաբանական և Քիմիական ֆակուլտետների: Այսպիսով, 1935-1936 ուստարվանից համալսարանում ձևավորվում և սկսում են գործել ութ ֆակուլտետներ՝ Պատմության, Բանասիրական, Իրավաբանական, Երկրաբանա-աշխարհագրական, Քիմիական, Ֆիզիկամաթեմատիկական, Կենսաբանական: 1945 թ.-ին բացվում և մինչև 1953 թ.-ը գործում է նաև Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 1957 թ.-ին Պետական համալսարանին որպես առանձին ֆակուլտետ միացվում է Ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը, որը 1961 թ.-ին կրկին առանձնանում է: 1959 թ.-ին Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետից անջատվում և ինքնուրույն միավոր է դառնում Ֆիզիկայի ֆակուլտետը, որից էլ 1975 թ.-ին առանձնանում է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: Հատկապես 1960-1990-ական թվականները համալսարանի համար դարձան աննախադեպ զարգացման տարիներ. կազմավորվեցին նոր ֆակուլտետներ, ստեղծվեցին գիտական նոր լաբորատորիաներ, հիմնվեց հայագիտական կենտրոն: Զգալիորեն աշխուժացավ հրատարակչական գործը. ուսումնական դասագրքերից ու ձեռնարկներից բացի՝ հրատարակվեցին նաև անվանի դասախոսների գիտական աշխատություններ, գիտական ամսագրեր, բազմաբնույթ ժողովածուներ և այլն: 1991 թվականին Երևանի պետական համալսարանն արդեն ուներ 17 ֆակուլտետ, որոնցում կադրեր էին պատրաստվում 32 մասնագիտությունների գծով: 1994 թ.-ին հիմնադրվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը: Մասնաճյուղն ունի 4 ֆակուլտետ, որտեղ սովորում են շուրջ 1714 ուսանողներ: 1995-1996 ուսումնական տարին Երևանի պետական համալսարանի համար նշանավորվեց նոր ուսումնական գործընթացի սկզբնավորմամբ: Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան նոր և որակյալ կրթակարգ ունենալու նպատակով ԵՊՀ-ն, ինչպես նաև հայաստանյան մի շարք բուհեր, անցան երկաստիճան կրթական համակարգին: 90-ականների կեսերից մինչ օրս հետևողական աշխատանք է տարվել բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի չափորոշիչների, ուսումնական գործընթացի բարելավման հետ կապված չափանիշների և կանոնակարգերի մշակման ու ներդրման ուղղությամբ: Ուսումնառության գործընթացն առավել ճկուն դարձնելու համար մշակվել և կիրառվում է գիտելիքների գնահատման կանոնակարգ, որը նախատեսում է մասնագիտական առարկաներից ընթացիկ քննությունների հանձնում: Համալսարանում գործում է նաև կրթական երրորդ աստիճանը, որի ծրագրով իրագործվում է հետդիպլոմային պատրաստություն` ասպիրանտական եռամյա կրթություն: Ուսումնառությունն ավարտվում է ասպիրանտի կողմից ատենախոսության պաշտպանությամբ և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի շնորհմամբ: Համալսարանում գործում են ատենախոսության պաշտպանության մասնագիտական 12 խորհուրդներ: Մինչ օրս ԵՊՀ-ն տվել է 100 հազարից ավելի շրջանավարտ: Համալսարանում այսօր գործող 19 ֆակուլտետներում մասնագիտանում են շուրջ 20 հազար ուսանողներ: Բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ավելի քան 1552 ներկայացուցիչներից շուրջ 212-ը պրոֆեսորներ են, 585-ը` դոցենտներ, 372-ը` ասիստենտներ, 383-ը` դասախոսներ: Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ 15 ակադեմիկոսներ և 19 թղթակից անդամներ: Բարձր որակավորում ունեցող գիտնականների շնորհիվ բուհում իրականացվում են ժամանակակից գիտության տարբեր ոլորտներին առնչվող հիմնարար և կիրառական կարևորագույն հետազոտություններ: Ինչ վերաբերում է ուսումնագիտական աշխատանքներին, ապա դրանք կազմակերպվում են ավելի քան 100 ամբիոններում, որոնք համալրված են նորագույն տեխնիկայով և սարքավորումներով: 2006 թ.-ից ԵՊՀ ռեկտորն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Հրաչիկի Սիմոնյանը:
Պատմության թանգարան
Երևանի պետական համալսարանի պատմության թանգարանը հիմնադրվել է 1959 թվականին: Թանգարանի գործունեության հիմնական նպատակն է ներկայացնել այն մեծ ավանդը, որ համալսարանը ներդրել է բարձրակարգ մասնագետների պատրաստման, հայրենական գիտության զարգացման գործում և հասարակական-քաղաքական կյանքում: Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է ԵՊՀ-ի գործունեությունը` սկսած 1919 թ.-ից մինչև մեր օրերը: Թանգարանում կարելի է տեսնել համալսարանի անվանի պրոֆեսորների ընծայագրերով հազվագյուտ գրքեր ու գիտական աշխատություններ, դասախոսությունների և հուշերի ձայնագրություններ, համալսարանի պատմությանը վերաբերող արխիվային կարևորագույն փաստաթղթեր, լուսանկարներ, ֆիլմեր: ԵՊՀ պատմության թանգարանի տնօրենն է Հեղինե Գասպարյանը: ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 7-րդ հարկ, 702 սենյակ Հեռ.` (374 60) 71-01-99 Էլ. փոստ` museum@ysu.am
Ուսանողական տոմս
Ստուգման գրքույկ
Առաջին կուրսեցիների հանդիսավոր մուտքը համալսարան
Առաջին կուրսեցիների հանդիսավոր մուտքը ԵՊՀ կազմակերպելու նպատակով ամեն նոր ուսումնական տարվա մեկնարկին յուրաքանչյուր ֆակուլտետում կազմակերպվում են առաջին կուրսեցիների ընդունելության արարողություններ: Ֆակուլտետների մասնաշենքերի առջև ֆակուլտետի դեկանը դիմավորում է առաջին կուրսեցիներին, ուղեկցում դահլիճ, որտեղ էլ ծանոթացնում է ԵՊՀ-ին, ֆակուլտետի կառուցվածքին, դասացուցակին, ինչպես նաև կրեդիտային համակարգով ուսումնառության առանձնահատկություններին: Ուսանողները ծանոթանում են նաև ամբիոնի վարիչների և հիմնական դասախոսների հետ: Ուսումնական տարվա առաջին տասնօրյակում տեղի է ունենում «ԵՊՀ մեծարման և առաջին կուրսեցիների երդման արարողությունը»:
  • Երդման արարողություն
  • ԵՊՀ առաջին կուրսեցու երդում
Երևանի պետական համալսարանի առաջին կուրսեցիների մուտքը համալսարան հանդիսավոր կազմակերպելու համար ամեն տարի ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում տեղի է ունենում «ԵՊՀ մեծարման և առաջին կուրսեցիների երդման արարողություն»: Այն կազմակերպվում է ԵՊՀ ռեկտորատի` մշակույթի կենտրոնի և ուսանողական կազմակերպությունների կողմից ամեն նոր ուսումնական տարվա առաջին տասնօրյակում: Միջոցառման ընթացքում ԵՊՀ ռեկտորը ողջունում է առաջին կուրսեցիներին, տեղի է ունենում երդման հանդիսավոր արարողությունը, ինչպես նաև լինում է համերգային մաս:
Ես` Երեւանի պետական համալսարանի ուսանողս,
երդվում եմ.
լինել բարոյական վեհ հատկանիշների եւ ազգային արժեքների ջահակիրը,
վառ պահել մաշտոցյան իմաստասիրաց կանթեղը,
լինել նպատակասլաց ուսանող,
սիրել ու հարգել կրթության ու գիտության ուղիներին լույս սփռող նվիրյալ դասախոսներին,
ծառայել եւ հնարավորինս նպաստել երկրի առաջընթացին ու պետականության զարգացմանը,
սիրել Մայր բուհը եւ արժանի լինել Երեւանի պետական համալսարանի ուսանող բարձր կոչմանը.

Երդվո՛ւմ եմ, երդվո՛ւմ եմ, երդվո՛ւմ եմ:
ԵՊՀ հիմներգի բառերը
ԵՊՀ հիմներգի նոտաները
Առաջին կուրսեցիների ուսման վարձավճարի վճարման վերջնաժամկետն է 2017թ. սեպտեմբերի 15-ը: Վճարել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետևյալ հաշվեհամարին 2470100009060000 ՝ օգտվելով այս ուղեցույցից: