Ուսանողական խորհուրդ

ԵՊՀ ուսանողական խորհուրդը ԵՊՀ-ում գործող ուսանողական կազմակերպություն է, որը սովորողների ինքնակառավարման, ընտրովի ներկայացուցչական մարմին է:

ԵՊՀ ուսանողական խորհուրդը (ՈՒԽ) հիմնադրվել է 1994 թվականի ապրիլի 14-ին:

 ՈՒԽ նպատակներն են`

  • պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները, ապահովել ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը, համալսարանի կառավարման համապատասխան մարմինների քննարկմանը ներկայացնել ուսանողությանն առնչվող հարցեր,
  • մասնակցել ուսումնական գործընթացի կազմակերպման և ուսուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը,
  • իրազեկել ուսանողներին իրենց իրավունքների ու պարտականությունների մասին,
  • նպաստել ուսանողության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը և խթանել ուսանողների գիտական, կրթական, հոգևոր, մշակութային, ստեղծագործական ու ֆիզիկական զարգացումը,
  • աջակցել ուսանողների սոցիալական վիճակի բարելավմանը, կազմակերպել ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը և այլն:

ՈՒԽ գործունեության կարևորագույն մասն են կազմում նաև սոցիալապես անապահով ուսանողներին համապատասխան աջակցության տրամադրումը, համալսարանում տարբեր գիտակրթական, ինտելեկտուալ, մարզական և մշակութային, ազատ ժամանցի և հանգստի միջոցառումների կազմակերպումը: Բացի այս ամենից` այն ստանձնել է ուսանողների շրջանում հայրենասիրական ոգին բարձր պահելու և համազգային խնդիրների հանդեպ իր ուրույն դիրքորոշումն արտահայտելու առաքելությունը: Իր գործունեության ընթացքում Ուսխորհուրդը մշտապես պաշտպանել, պաշտպանում և պաշտպանելու է ուսանողների շահերն ու իրավունքները, անում է հնարավոր ամեն ինչ՝ ուսանողների համախմբվածության և միասնական ուժի հանդեպ առկա հավատն ու վստահությունն ամրապնդելու համար:

ԵՊՀ ուսանողական խորհրդի ղեկավար բարձրագույն մարմինն Ուսանողական խորհրդի համագումարն է, որին մասնակցելու համար յուրաքանչյուր ֆակուլտետից ընտրվում են համագումարի պատվիրակներ` յուրաքանչյուր 25 ուսանողին մեկ պատվիրակ: ՈՒԽ համագումարների միջև ընկած ժամանակահատվածում ՈՒԽ աշխատանքները ղեկավարում է ՈՒԽ նախագահությունը, որը բաղկացած է 29 անդամից: Ուսխորհրդի նախագահությունն ունի մշտական հանձնաժողովներ` մշակույթի, սպորտի, լրատվության և հասարակայնության հետ կապերի, արտաքին կապերի, իրավական, գիտակրթական, ֆինանսատնտեսական, սոցիալական:

Յուրաքանչյուր ֆակուլտետ ունի իր ուսանողական խորհուրդը: Ֆակուլտետի ՈՒԽ անդամները ընտրվում են կուրսերում կազմակերպվող ընտրությունների արդյունքում: Հետագայում ֆակուլտետի ՈՒԽ անդամներն իրենց կազմից ընտրում են ֆակուլտետի ՈՒԽ նախագահ, ով ներկայացնում է ֆակուլտետի ուսանողներին և ֆակուլտետի խորհրդի ու գիտական խորհրդի անդամ է:

Համաձայն «ՀՀ կրթության մասին» օրենքի և ԵՊՀ կանոնադրության` ԵՊՀ խորհրդի, գիտական խորհրդի և ֆակուլտետի խորհրդի անդամների 25%-ը սովորողներ են, որոնց առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է համապատասխան մակարդակի ՈՒԽ-ն: Այսպիսով՝ Ուսանողական խորհուրդը ընտրում է համապատասխան ղեկավար մարմինների ուսանող անդամներին, ովքեր էլ ապահովում են ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը:

ՈՒԽ աշխատանքներին կարող է մասնակցել ԵՊՀ յուրաքանչյուր ուսանող: Այդ մասնակցությունը կարող է լինել տարբեր և կախված է մի շարք հանգամանքներից:

Ուսանողը կարող է ընտրվել պատվիրակ, ֆակուլտետի ՈՒԽ անդամ և ներգրավված լինել ֆակուլտետի կամ համալսարանի ուսանողական խորհրդի կողմից կատարվող աշխատանքներին, ինչպես նաև մասնակցել հանձնաժողովների կողմից իրականացվող ծրագրերին: ՈՒԽ պատվիրակներ և անդամներ կարող են ընտրվել այն ուսանողները, ովքեր ստանում են կուրսի մեծամասնության ձայները, և միջին որակական գնահատականը (ՄՈԳ) վերջին երկու կիսամյակում 13 և բարձր է:

  1. Ուսումնառության առաջին իսկ օրերից ծանոթանալ ֆակուլտետի ՈՒԽ նախագահի հետ,
  2. ծանոթանալ ՈՒԽ կանոնադրությանը (առկա է ԵՊՀ կայքում),
  3. ծանոթանալ ՈՒԽ-ի կողմից իրականացվող ծրագրերին:

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահն է Դավիթ Ափոյանը:

ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 609 սենյակ

Հեռ.՝ (374 60) 71-01-95

Կայք` www.sc.ysu.am

Էլ. փոստ՝ student_council@ysu.am