Ուսանողական նպաստներ և կրթաթոշակներ

Երևանի պետական համալսարանը սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն և այլ կարգավիճակներ ունեցող ուսանողներին տրամադրում է ուսանողական նպաստներ, ուսման վարձի զեղչեր, կրթաթոշակներ:

Ուսանողական նպաստը ուսանողի ուսման վարձավճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում է:

Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցում տրամադրվում է՝

1. մեկ ուսումնական տարվա ընթացքում սահմանված ժամկետներում հանձնված (առանց լուծարքային շրջանի) քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին՝ մրցութային կարգով,

2. օրենքով նախատեսված հետևյալ սոցիալական խմբերում ընդգրկված անձանց՝

  • առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին և նրանց թվին պատկանող անձանց,
  • 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց,
  • զոհված զինծառայողի երեխա-ուսանողներին,
  • պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողներին,
  • պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:

Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող հետևյալ խմբերին՝

մինչև 5 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ ուսման վարձի 50 տոկոսի չափով,

5-10 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ ուսման վարձի 60 տոկոսի չափով,

10-15 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ ուսման վարձի 70 տոկոսի չափով,

15-20 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ ուսման վարձի 80 տոկոսի չափով.

20-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ ուսման վարձի 100 տոկոսի չափով:

Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում ստանալու համար ուսանողն իր ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանքը յուրաքանչյուր տարի ֆակուլտետի դեկանատ պետք է ներկայացնի մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 10-ը:

Երևանի պետական համալսարանի ռեկտորի հրամանում պարտադիր կարգով նշվում է ուսանողական նպաստի տրամադրման ժամկետը՝ տվյալ տարվա սեպտեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա օգոստոսի 31-ը:

«ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման» կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

  1. Ուշադիր ծանոթանալ «ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման» կանոնակարգին,
  2. համապատասխան դիմումները ներկայացնել սահմանված ժամկետներում,
  3. հարցերի և խնդիրների դեպքում դիմել Ձեր ուսումնական խորհրդատուին, դեկանատ, ինչպես նաև համալսարանի ուսանողական կառույցներին: