Ուսանողական գիտական ընկերություն

ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) հիմնադրվել է 1947 թվականին։ Ընկերության հիմնական նպատակն է աջակցել ուսանողների գիտական, կրթական և հոգևոր զարգացմանը: Գիտական և կրթական ոլորտներում ՈՒԳԸ-ն սատարում է ուսանողների նախաձեռնություններին, հնարավորինս աջակցում շնորհաշատ ուսանողներին և ասպիրանտներին։

Ընկերությունը մշտապես կազմակերպում է գիտաժողովներ, նստաշրջաններ, սեմինարներ, դասախոսություններ և գիտական ու կրթական այլ ուղղվածություն ունեցող միջոցառումներ՝ դրանցում ներգրավելով նաև արտահամալսարանական ներուժը։ ՈՒԳԸ-ն տպագրության է նախապատրաստում նաև երիտասարդ գիտնականների և ուսանողների գիտական աշխատանքները։

Ընկերությունն իր կառուցվածքային սկզբնական օղակներն ունի յուրաքանչյուր ֆակուլտետում։ Ֆակուլտետի ՈՒԳԸ-ն ձևավորվում է ֆակուլտետի ամբիոնի կողմից ներկայացված առնվազն երկուական ներկայացուցիչներից, ովքեր իրենց կազմից ընտրում են ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ և քարտուղար: Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահը ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ է:

ԵՊՀ ՈՒԳԸ ղեկավար մարմինը ՈՒԳԸ գիտական խորհուրդն է, որի կազմի մեջ մտնում են ՈՒԳԸ նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը և ֆակուլտետային ՈՒԳԸ նախագահները։ ԵՊՀ ՈՒԳԸ-ն ունի նաև հանձնաժողովներ, որոնցում ֆակուլտետներից կարող է ներգրավվել ակտիվ և հետաքրքրված յուրաքանչյուր ուսանող:

Իր գործունեության ընթացքում ՈՒԳԸ-ն շարունակ նպաստել է համալսարանական երիտասարդական գիտական ներուժի նպատակաուղղված օգտագործմանը տարբեր գիտական ծրագրերում ուսանողների ընդգրկումն ապահովելու միջոցով։ Ընկերությունն իր նպատակների իրագործման և գործառույթների իրականացման ժամանակ ակտիվորեն համագործակցում է հայաստանյան և արտասահմանյան գիտական կենտրոնների ու բուհերի ուսանողական գիտական կառույցների հետ։ ՈՒԳԸ անդամները մասնակցում են թե՛ հանրապետությունում, թե՛ արտերկրում անցկացվող բազմաբնույթ մրցույթների, գիտաժողովների, դասընթացների ու սեմինարների։

  • Ծանոթանալ ՈՒԳԸ կանոնադրությանը (առկա է ԵՊՀ կայքում),
  • ծանոթանալ ՈՒԳԸ-ի կողմից իրականացվող ծրագրերին:

ԵՊՀ ՈՒԳԸ նախագահն է Մհեր Հակոբյանը։

ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 608 սենյակ

Հեռ.՝ (374 60) 71-01-94

Կայք` sss.ysu.am

Էլ. փոստ՝ sss@ysu.am