Սեմինար

  1. Սեմինարը խմբային գործնական պարապմունքների հիմնական տեսակներից է, որի ընթացքում ուսանողը սովորում է ոչ միայն բանավոր շարադրել նյութը, այլև պաշտպանել իր տեսակետները և եզրահանգումները:

Սեմինարի կարևորագույն բաղադրիչն ուսանողի ելույթն է համակուրսեցիների առջև: Փաստարկված պատասխանների արագ գտնումը, ուշադրության արագ կենտրոնացումը մի խնդրից մյուսի վրա ուսանողի մոտ զարգացնում են մտավոր այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են նրան մասնագիտական հետագա գործունեության համար:

Սեմինար պարապմունքների ժամանակ շատ կարևոր է սեփական մտքերի լիարժեք շարադրումը:

Հարկ է նշել, որ ուսանողների մեծ մասը լավ չի տիրապետում բանավոր խոսքին, ուստի խոսելու ընթացքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ միայն լեզվի բառապաշարին և քերականական կառույցներին, այլև ճարտասանությանը և հռետորական արվեստին:

Հաճախ կարող են տրվել առաջադրանքներ, որոնք պետք է իրականացնել խմբային կամ թիմային աշխատանքի միջոցով, իսկ թիմային աշխատանքի վերջնական արդյունքը կախված է յուրաքանչյուր անդամի պատասխանատվության զգացումից, անհատական ներդրումից և թիմային գիտակցության աստիճանից:

  • Եթե Դուք զգում եք, որ լավ չեք տիրապետում բանավոր խոսքին, ապա կազմե՛ք շարադրվող նյութի պլանը: Հիշե՛ք միայն պլանը, այլ ոչ թե համառոտ պատասխանները, քանի որ այդ դեպքում Դուք մեխանիկորեն կարդալու եք այն,
  • աշխատե՛ք պատասխանել` հետևելով պլանի կետերին,
  • աշխատե՛ք չհուզվել, քանի որ Դուք գտնվում եք Ձեր ընկերների շրջապատում, իսկ նրանք բարյացակամ են տրամադրված Ձեր հանդեպ,
  • աշխատե՛ք հստակ կառուցել Ձեր խոսքը,
  • աշխատե՛ք նախօրոք բարձրաձայն շարադրել Ձեր մտքերը տվյալ հարցի վերաբերյալ,
  • հաղթահարե՛ք լսարանի առջև ելույթ ունենալու բարդույթը, համարձա՛կ մասնակցեք բանավեճերին և սխալվելու դեպքում էլ երբեք մի՛ հուսահատվեք,
  • չպետք է մոռանալ նաև սեմինարի ժամանակ կարգապահական կանոններին հետևելու մասին. պետք է փորձել լսել ելույթ ունեցողին, այլ ոչ թե խանգարել նրան, քանի որ որպես կանոն ելույթ ունեցողը հուզվում է: