ԵՊՀ գիտական գրադարան
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գիտական գրադարանը և գրադարանից օգտվելու կանոնները
ԵՊՀ գրադարանը հիմնադրվել է 1920 թ.-ին:
Գրադարանում այսօր հաշվարկվում է շուրջ 2 միլիոն միավոր գրականություն:
Գրադարանը բաղկացած է հետևյալ բաժիններից.
- գրականության և մամուլի սպասարկման
- գրապահոցի
- աբոնեմենտի
- համալրման և մշակման
- հնատիպ, հազվագյուտ և արվեստի գրականության
- համակարգչային ծառայությունների և ավտոմատացման
Այսօր գրադարանում գործում են Գալուստ Գյուլբենկյանի, Հելեն Թաքեսյանի, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ու Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նյութերի պահոցներ, ռուսալեզու էլեկտրոնային գրադարանի պաշարներ, ինչպես նաև Գերմանական անկյուն, Չինական անկյուն:
2007 թվականից ներդրվել է ընթերցողների նոր տոմս, որը հնարավորություն է տալիս օգտվելու գրադարանի թվային պաշարներից և ցանկացած վայրից գրականության պատվերներ կատարելու:
Գրադարանում գործում է նաև շրջանառու և առձեռն դասագրքային ֆոնդ (թիվ 400 սենյակ), որտեղ տեղադրված են ավելի քան 80 հազար ուսումնական ձեռնարկներ: Ուսանողներն իրենք դարակներից ընտրում են իրենց անհրաժեշտ գրքերը, ապա գրանցում համակարգում:
Գրադարանում, ըստ մասնագիտությունների, գործում են 7 ընթերցասրահներ, որոնցում ներդրված է ինքնասպասարկման համակարգը: Ընթերցասրահների աշխատանքային ժամերն են` երկուշաբթիից ուրբաթ` 9:00-19:00, շաբաթ օրերին` 10:00-18:00:
2012 թվականից ԵՊՀ-ում ներդրվել է միասնական ուսանողական տոմս, որի արդյունքում միավորվել են ուսանողական և գրադարանի ընթերցողի տոմսերը: Տոմսն ուսանողին թույլ է տալիս օգտվել գրադարանի էլեկտրոնային ռեսուրսներից և կատարել էլեկտրոնային պատվերներ: Այն տրամադրվում է ԵՊՀ ընդունված բոլոր առաջին կուրսեցիներին:
Գրադարանից օգտվելու կանոնները.
- Գրադարանից օգտվելու իրավունք ունեն ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները, ասպիրանտները և հայցորդները, ինչպես նաև աշխատակիցները:
- Ընթերցողական տոմսն ընթերցողին իրավունք է տալիս տնօրենության կողմից սահմանված կարգով օգտվելու գրադարանի ծառայություններից: Այն տրվում է որոշակի ժամկետով` կախված ընթերցողի համալսարանական կարգավիճակից:
Գրադարանն ունի էլեկտրոնային քարտարան և էլեկտրոնային պատվերների սպասարկման համակարգ, ինչպես նաև ուսումնական ձեռնարկների և հնատիպ գրքերի սկանավորված տարբերակները: Մուտք գործելով lib.ysu.am հասցե` ընթերցողը կարող է փնտրել իրեն հետաքրքրող գիրքը` նշելով կա՛մ վերնագիրը, կա՛մ հեղինակի անունը, հրատարակման տարեթիվը, վայրը, գրքի թեմատիկան, ձևաչափը և կատարել էլեկտրոնային պատվեր:
Հայաստանյան գրադարանների գրապաշարի մատենագիտական տեղեկատու աղբյուր է էլեկտրոնային համահավաք գրացուցակը, որից օգտվելու համար պետք է այցելել ինտերնետային հետևյալ կայքերը.
www.armunicat.am:8991/ARMA (հայերեն)
www.armunicat.am:8991/ALEPH (անգլերեն)
ԵՊՀ գրադարանի տնօրենն է ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Եզնիկ Միրզոյանը:
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք
Հեռ.` (+374 60) 71-02-00
Էլ. փոստ` library@ysu.am
Գրադարանի մասին ավելի մանրամասն՝ www.lib.ysu.am