Միջազգային համագործակցություն

Երևանի պետական համալսարանն ունի համագործակցության պայմանագրեր և համաձայնագրեր աշխարհի շուրջ 50 երկրների 200 համալսարանների ու հետազոտական հաստատությունների հետ:

Առկա պայմանագրերի շրջանակներում յուրաքանչյուր ուսումնական տարվա ընթացքում տեղի են ունենում պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների փոխանակումներ:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողները վերապատրաստման դասընթացների են մասնակցում Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում գործող արաբերեն լեզվի կենտրոններում կազմակերպվող և տարբեր տևողություն ունեցող դասընթացներին (3 ամիս, 10 ամիս):

Ռոստոկի համալսարանի հետ գործող պայմանագրի շրջանակներում Ֆիզիկայի և Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները գործուղվում են մինչև 1 տարի ժամկետով` համապատասխանաբար համատեղ գիտահետազոտական աշխատանք կատարելու և ուսումնական վերապատրաստում անցնելու նպատակով:

Ռուսաստանի Դաշնության Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում Ֆիզիկայի ֆակուլտետի լավագույն ուսանողներին գիտահետազոտական համատեղ աշխատանք կատարելու հնարավորություն է տրվում: Ուսանողներն ակտիվորեն մասնակցում են փոխանակման ծրագրերին` անցնելով լեզվի վերապատրաստման դասընթացներ:

Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողները բուլղարերենի վերապատրաստում են անցնում  Բուլղարիայի Սուրբ Կլիմենտ Օհրիդսկու անվան համալսարանում, ինչպես նաև հունարեն լեզվի դասընթացների են մասնակցում Հունաստանում` Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանում: Վերջին դասընթացներին մասնակցում են նաև Պատմության ֆակուլտետի լավագույն ուսանողները:

Ի դեպ, ուսանողները մասնակցում են նաև հունական «Յասոն» կրթամշակութային ծրագրին:

Իտալիայի Կա’ Ֆոսկարի համալսարանում իտալերենի վերապատրաստման դասընթացներին մասնակցում են Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողները:

2012 թ.-ից մեկնարկել են նաև «Erasmus Mundus» դրամաշնորհային ծրագրի BACKIS, IANUS, WEBB, ELECTRA, 2013 թ.-ից՝ HUMERIA նախագծերը (բոլոր ֆակուլտետների ուսանողների համար):

2011 թ. դեկտեմբերից էլ մեկնարկել է «Erasmus Mundus (Alrakis)» դրամաշնորհային ծրագիրը բոլոր ֆակուլտետների ուսանողների համար: Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի բաժինների լավագույն ուսանողները ԱՄՆ-ի Կոնեկտիկուտի համալսարանում անցնում են վերապատրաստման դասընթացներ:

Ուսանողներն ակտիվորեն մասնակցում են միջազգային գիտաժողովներին, օլիմպիադաներին, ամառային դպրոցներին, ինչպես նաև ՀՀ-ում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կրթական կազմակերպությունների կողմից ներկայացված ծրագրերին, որոնց արդյունքում լավագույն առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին հնարավորություն է ընձեռվում մինչև 1 տարի ժամկետով ուսումը շարունակելու օտարերկրյա համալսարաններում` վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո ուսումը ԵՊՀ-ում շարունակելու պայմանով:

ԵՊՀ-ի և Ռուսաստանի ազգերի բարեկամության համալսարանի միջև համաձայնության պայմանագրի շրջանակներում Ռուսաստան են գործուղվում ուսանողներ:

ԵՊՀ-ն առավել ակտիվորեն համագործակցում է ՀՀ-ում գործող միջազգային մի շարք կազմակերպությունների հետ, որոնցից են`

  • Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն (DAAD),
  • Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհրդի հայաստանյան ներկայացուցչություն (IREX),
  • Ամերիկյան խորհուրդներ (ACTR/ACCELS),
  • Բրիտանական խորհուրդ (British Council),
  • Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ(OSI):

ԵՊՀն փոխանակման ծրագրերով առավել սերտորեն համագործակցում է հետևյալ օտարերկրյա համալսարանների հետ

հ/հ Հաստատության անվանումը Երկիրը
1. Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարան Հունաստան
2. Արիզոնայի պետական համալսարան ԱՄՆ
3. Քուվեյթի համալսարան Քուվեյթ
4. Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան Ռուսաստան
5. Ռուսաստանի ազգերի բարեկամության համալսարան Ռուսաստան
6. Պրովանսի համալսարան Ֆրանսիա
7. Կաֆոսկարի համալսարան Իտալիա
8. Ռոստոկի համալսարան Գերմանիա

 

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետն է քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարովը:

ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ

Հեռ.` (+37460) 71-01-61,010-55-06-12

Էլ. փոստ` international@ysu.am
Առավել մանրամասն այստեղ՝ www.ysu.am/international/hy