ԵՊՀ ռեկտորի ողջույնի խոսքը
Սիրելի՛ առաջինկուրսեցիներ, մեծ պատիվ և պատասխանատվություն է սովորել հարյուրամյա պատմություն ունեցող Մայր բուհում:
Դուք դարձել եք ուսանողն այն բուհի, որը կրթության ոլորտում առաջամարտիկներից է և պատրաստում է բարձրորակ մասնագետներ: Միաժամանակ համալսարանական լինելը ձեզ պարտավորեցնում է անաղարտ պահել ձեր ֆակուլտետի, Երևանի պետական համալսարանի բարձր վարկանիշն ու անունը, ցուցաբերել մարդկային վեհ հատկանիշներ, ուսման մեջ լինել բարեխիղճ ու նպատակասլաց:
Ձեր կողմից մեծ ցանկություն և աշխատասիրություն ցուցաբերելու դեպքում դուք կստանաք որակյալ կրթություն: ԵՊՀ լավագույն ուսանողները հնարավորություն կունենան ուսումը շարունակելու միջազգային գործընկեր բուհերի ու ընկերությունների հետ համագործակցության արդյունքում մշակված կրթական ծրագրերում, ինչպես նաև արտասահմանյան առաջատար բուհերում: ԵՊՀ-ի երիտասարդ դասախոսների ճնշող մեծամասնությունն օգտվել է ուսումնառության տարիներին ընձեռված այդ հնարավորություններից: Երևանի պետական համալսարանը, լինելով անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության առաջատար բուհը, ներկայումս աշխարհի մի շարք առաջնակարգ համալսարանների արժանի գործընկերն է:
Սիրելի՛ առաջինկուրսեցիներ, ձեր ուսումնառության տարիներին կշարունակվեն վերջին շրջանում համալսարանում իրականացվող ուսումնագիտական բարեփոխումները. բարեփոխումներ, որոնք բխում են նոր ժամանակների ոգուց և պահանջներից:
Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ Երևանի պետական համալսարան ընդունվելու առթիվ և հավաստիացնում, որ ԵՊՀ-ում դուք ձեռք կբերեք այնպիսի գիտելիքներ, հմտություններ ու կարողություններ, որոնց շնորհիվ ապագայում կկարողանաք հեշտությամբ կյանքի տարբեր ոլորտներում գտնել ձեր արժանի տեղն ու աշխատանքը և նպաստ բերել մեր հայրենիքի զարգացման գործին:
Բարի՛ գալուստ Երևանի պետական համալսարան: