Միջազգային համագործակցություն
Երևանի պետական համալսարանն ունի համագործակցության պայմանագրեր և համաձայնագրեր աշխարհի շուրջ 50 երկրների 200 համալսարանների ու հետազոտական հաստատությունների հետ:
Առկա պայմանագրերի շրջանակներում յուրաքանչյուր ուսումնական տարվա ընթացքում տեղի են ունենում պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների փոխանակումներ:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողները վերապատրաստման դասընթացների են մասնակցում Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում գործող արաբերեն լեզվի կենտրոններում կազմակերպվող և տարբեր տևողություն ունեցող դասընթացներին (3 ամիս, 10 ամիս):
Ռոստոկի համալսարանի հետ գործող պայմանագրի շրջանակներում Ֆիզիկայի և Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները գործուղվում են մինչև 1 տարի ժամկետով` համապատասխանաբար համատեղ գիտահետազոտական աշխատանք կատարելու և ուսումնական վերապատրաստում անցնելու նպատակով:
Ռուսաստանի Դաշնության Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում Ֆիզիկայի ֆակուլտետի լավագույն ուսանողներին գիտահետազոտական համատեղ աշխատանք կատարելու հնարավորություն է տրվում: Ուսանողներն ակտիվորեն մասնակցում են փոխանակման ծրագրերին` անցնելով լեզվի վերապատրաստման դասընթացներ:
Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողները բուլղարերենի վերապատրաստում են անցնում Բուլղարիայի Սուրբ Կլիմենտ Օհրիդսկու անվան համալսարանում, ինչպես նաև հունարեն լեզվի դասընթացների են մասնակցում Հունաստանում` Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանում: Վերջին դասընթացներին մասնակցում են նաև Պատմության ֆակուլտետի լավագույն ուսանողները:
Ի դեպ, ուսանողները մասնակցում են նաև հունական «Յասոն» կրթամշակութային ծրագրին:
Իտալիայի Կա’ Ֆոսկարի համալսարանում իտալերենի վերապատրաստման դասընթացներին մասնակցում են Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողները:
2012 թ.-ից մեկնարկել են նաև «Erasmus Mundus» դրամաշնորհային ծրագրի BACKIS, IANUS, WEBB, ELECTRA, 2013 թ.-ից՝ HUMERIA նախագծերը (բոլոր ֆակուլտետների ուսանողների համար):
2011 թ. դեկտեմբերից էլ մեկնարկել է «Erasmus Mundus (Alrakis)» դրամաշնորհային ծրագիրը բոլոր ֆակուլտետների ուսանողների համար: Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի բաժինների լավագույն ուսանողները ԱՄՆ-ի Կոնեկտիկուտի համալսարանում անցնում են վերապատրաստման դասընթացներ:
Ուսանողներն ակտիվորեն մասնակցում են միջազգային գիտաժողովներին, օլիմպիադաներին, ամառային դպրոցներին, ինչպես նաև ՀՀ-ում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կրթական կազմակերպությունների կողմից ներկայացված ծրագրերին, որոնց արդյունքում լավագույն առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին հնարավորություն է ընձեռվում մինչև 1 տարի ժամկետով ուսումը շարունակելու օտարերկրյա համալսարաններում` վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո ուսումը ԵՊՀ-ում շարունակելու պայմանով:
ԵՊՀ-ի և Ռուսաստանի ազգերի բարեկամության համալսարանի միջև համաձայնության պայմանագրի շրջանակներում Ռուսաստան են գործուղվում ուսանողներ:
ԵՊՀ-ն առավել ակտիվորեն համագործակցում է ՀՀ-ում գործող միջազգային մի շարք կազմակերպությունների հետ, որոնցից են`
- Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն (DAAD),
- Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհրդի հայաստանյան ներկայացուցչություն (IREX),
- Ամերիկյան խորհուրդներ (ACTR/ACCELS),
- Բրիտանական խորհուրդ (British Council),
- Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ(OSI):
ԵՊՀ—ն փոխանակման ծրագրերով առավել սերտորեն համագործակցում է հետևյալ օտարերկրյա համալսարանների հետ`
հ/հ | Հաստատության անվանումը | Երկիրը |
1. | Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարան | Հունաստան |
2. | Արիզոնայի պետական համալսարան | ԱՄՆ |
3. | Քուվեյթի համալսարան | Քուվեյթ |
4. | Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան | Ռուսաստան |
5. | Ռուսաստանի ազգերի բարեկամության համալսարան | Ռուսաստան |
6. | Պրովանսի համալսարան | Ֆրանսիա |
7. | Կաֆոսկարի համալսարան | Իտալիա |
8. | Ռոստոկի համալսարան | Գերմանիա |
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետն է քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարովը:
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ
Հեռ.` (+37460) 71-01-61,010-55-06-12
Էլ. փոստ` international@ysu.am
Առավել մանրամասն այստեղ՝ www.ysu.am/international/hy